ՑԱՆԿ
որոնում
%

Սյունիքում ծայրահեղ աղքատ
երեխաներ չկան

Կիսվել

Կիսվել

«Հետք» լրատվականը, հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի 2024 թվականի տվյալները, ուսումնասիրել է Հայաստանում մանկական աղքատության պատկերը, ըստ որի՝ երկրում գրեթե յուրաքանչյուր չորրորդ երեխա ապրում է աղքատության պայմաններում. երեխաների 28%-ը աղքատ է, 0.9%-ը՝ ծայրահեղ աղքատ։

Մանկական աղքատության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում։
0-18 տարեկանների շրջանում աղքատության մակարդակը կազմում է 9.6%, իսկ ծայրահեղ աղքատ երեխաներ մարզում չեն արձանագրվել։ Սյունիքում ամենացածրն են նաև ՀՀ ընդհանուր աղքատության ցուցանիշները. 2024 թվականի տվյալներով՝ մարզում աղքատության մակարդակը կազմել է 6.2%, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0%։

Մասնագետները այս իրողությունը պայմանավորում են տեղական զբաղվածության և միջին աշխատավարձերի համեմատաբար բարձր մակարդակով. Սյունիքի խոշորագույն գործատունի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողների ճնշող մեծամասնությունը մարզի բնակիչներն են։ Կայուն զբաղվածությունն ու մրցունակ վարձատրությունը նպաստում են Սյունիքի սոցիալ-տնտեսական բարեկեցության ապահովմանը, ինչն արտացոլվում է նաև աղքատության վիճակագրական տվյալներում։

Համեմատության համար պետք է նշել, որ Երևանում ընդհանուր աղքատության մակարդակը 16.9% է, իսկ ծայրահեղ աղքատության ցուցանիշը՝ 0.4%։ Մանկական աղքատությունը մայրաքաղաքում հասնում է 21.7%-ի, իսկ երեխաների 0.7%-ը ծայրահեղ աղքատության մեջ է։

Աղքատության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Շիրակի մարզում, որտեղ երեխաների 52.3%-ը աղքատ է, իսկ 5.4%-ը՝ ծայրահեղ աղքատ։ Այստեղ ընդհանուր աղքատության մակարդակը հասնում է 43%-ի, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 2.4%-ի։ Հաջորդիվ Տավուշի և Վայոց ձորի մարզերն են՝ համապատասխանաբար 39.9% և 30.3% ընդհանուր աղքատության ցուցանիշներով։

Այլ նորություններ