ՑԱՆԿ
որոնում
%

Առողջության օր-2026

Կիսվել

Կիսվել

Մետալուրգի մասնագիտական տոնին նվիրված ամենամյա միջոցառումների շրջանակում արդեն երկրորդ տարին անընդմեջ «Առողջության օր» մարզական մրցաշարը համախմբում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին, Քաջարան, Կապան ու ազդակիր այլ համայնքներին առհասարակ՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ սպորտը մարդկանց միավորելու լավագույն միջոցներից է։

Հուլիսի 4-5-ին Փուխրուտ և Լեռնաձոր գյուղերի տարածքում, ապա նաև Քաջարանի մարզադաշտում և մարզադպրոցում իրենց ուժերը չափեցին ներկոմբինատային 13 թիմերը, որոնց թվում էին ինչպես ԶՊՄԿ վարչական ստորաբաժանումների, արտադրամասերի թիմերը, տեխնիկական տնօրենության թիմը, այնպես էլ վարչական դեպարտամենտի (ներառյալ՝ թիվ 2 ավտոհավաքակայան), ֆինանսական տնօրենության, կայուն զարգացման գծով տնօրենության, նյութատեխնիկական ապահովման տնօրենության, թվայնացման գծով տնօրենության, իրավաբանական դեպարտամենտի միավորված թիմը։ Մրցաշարին մասնակցում էր նաև Քաջարանի համայնքային թիմը։

Երկօրյա մրցաշարի մասնակիցների թիվը այս տարի հասավ 420-ի՝ 2025 թվականի համեմատությամբ գրեթե կրկնապատկվելով։

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մրցաշարը ծավալվեց մեկ տասնյակը հատող մարզաձևերում, խաղերում ու մրցույթներում՝ վոլեյբոլ, մինի-ֆուտբոլ, տեգախաղ, բազկամարտ, ուժային բազմամարտ, պարանի ձգում, խոհարարական, երգի մրցույթներ և այլն։ Մրցապայքարը բուռն էր ու անմոռանալի պահերով հագեցած։ Թիմային պայքարում ընդհանուր հաշվարկով՝ բոլոր մարզաձևերից և մրցույթներից հավաքած միավորների հանրագումարով, 1-ին տեղը զբաղեցրեց անվտանգության դեպարտամենտի «Զանգեզուր» թիմը, 2-րդ տեղը՝ «Անհաղթ արջեր» միավորված թիմը, 3-րդը՝ պոչամբարային տնտեսության «Խուստուփ» թիմը: ԶՊՄԿ հավաքական թիմ-Քաջարան համայնքի թիմ մրցապայքարում առաջին պատվավոր տեղը գրավեց Քաջարանի թիմը։

Մրցաշարի մրցանակաբաշխությունը կայացավ Քաջարանի մշակույթի պալատում։ Պատվավոր տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով, հուշանվերներով, դրամական մրցանակներով։ Այս տարի սահմանվել էին նաև «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի անվանական մրցանակներ, որոնք շնորհվեցին ակտիվ մասնակիցներին:

«Առողջության օր»-ն ի սկզբանե ուղղված է կոմբինատի աշխատակիցների շրջանում զանգվածային սիրողական սպորտի զարգացմանը, նրանց կյանքի որակի բարելավմանը, առողջության պահպանմանն ու թիմային ոգու ամրապնդմանը։ Մրցաշարի անցկացման հիմնանպատակը ակտիվ հանգստի մասսայականացման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կանոնավոր պարապմունքների միջոցով կոմբինատի աշխատողների հետաքրքրվածությունը առողջ ապրելակերպի նկատմամբ բարձրացնելն է։

Շնորհավորում ենք մրցաշարի բոլոր մասնակիցներին և հաղթողներին՝ շնորհակալություն հայտնելով այս օրերի դրական մթնոլորտի և միասնական լինելու համար։

Այլ նորություններ