ՑԱՆԿ
որոնում
%

Զանգեզուրի պղնձամոլիբդեն­ային կոմբինատ

Հայաստանի Հանրապետության առաջատար հանքարդյունաբերական ձեռնարկություն

Մեր մասին

Մոլիբդենի 10 խոշորագույն արտադրողներից մեկն աշխարհում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավում՝ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում։ Շահագործում է տարածաշրջանի՝ մոլիբդենի ու պղնձի պաշարներով ամենամեծ հանքավայրը և ՀՀ-ում առաջատարն է արտադրության ծավալներով։

Տեղադրություն

Քաջարանի հանքավայրը տեղակայված է Զանգեզուրի լեռնաշղթայի ելուստներից մեկի վրա, Ողջի գետի հովտում։ Ռելիեֆը խիստ կտրտված է՝ 1800-3900 մետր բացարձակ նշակետերով։ Գործող բացահանքը գտնվում է Քաջարան քաղաքից 1,7-2,5 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից մոտ 2200 մ բարձրության վրա։

Տարածքը բարձր ռելիեֆային է, բացահանքի անմիջական հարևանությամբ մինչև 4000 մ բարձրությամբ լեռներ են: Հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է Քաջարանի հանքավայրի մոտ՝ Արծվանիկի պոչամբարից ուղիղ գծով շուրջ 27 կմ հեռավորությամբ։

Պատմություն

Մեր պատմությունը

ԶՊՄԿ-ն, մասնավորապես՝ հանքավայրը, հարուստ պատմություն ունի և կարևոր դեր է խաղում երկրի ու տարածաշրջանի զարգացման գործում։

Առաջին երկրաբանական հետազոտություն

Հանքավայրը հնագույն պատմություն ունի։ Սակայն երկրաբանական լուրջ հետազոտությունները սկսվել են 1880-ական թվականներին։

Գտնվելով ժամանակի հաղորդակցության ճանապարհներից զգալիորեն հեռու՝ հանքը սկզբնական շրջանում անկանոն է շահագործվել։ Կոմբինատի կազմավորման և անխափան գործունեության պատմությունը սերտորեն կապված է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման հետ, երբ ազգայնացվում են լեռնահանքային ձեռնարկությունները, մետալուրգիական գործարանները, հանքերը։

Լայնածավալ աշխատանքների մեկնարկ

1924-25 թվականներին սկսվում են հումքային ռեսուրսների, գունավոր և արժեքավոր մետաղների որոնման երկրաբանահետախուզական լայնածավալ աշխատանքներ։

Քաջարանի հանքավայրը ևս լրջագույն ուսումնասիրությունների է ենթարկվում (1930-1933 թթ.), ինչի արդյունքում պղնձի, մի շարք այլ մետաղների հետ հաստատվում են նաև մոլիբդենի հարուստ պաշարներ։

Քաջարանի հանքավայրի տեղեկագիր

1936 թվականին կազմվում է Քաջարանի հանքավայրի տեխնիկատնտեսական տեղեկագիր, որն արժանանում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի և Գունավոր մետալուրգիայի ժողկոմատի հավանությանը։ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ կառուցելու խնդիր է դրվում։

գործարանի կառուցում

1940 թվականի վերջերին սկսվում է կոմբինատի շինարարությունը, որն ընդհատվում է՝ պայմանավորված Հայրենական Մեծ պատերազմով, և շարունակվում պատերազմի ավարտից հետո միայն։ 1949 թ. կառուցվում է փորձնական հարստացուցիչ ֆաբրիկան, իսկ արդեն 1952-ին կոմբինատը տալիս է իր առաջին արտադրանքը՝ դրանով իսկ սկիզբ դնելով անխափան շահագործման պատմությանը։

շահագործման բաց եղանակ

Հանքավայրն ի սկզբանե շահագործվում էր ստորգետնյա եղանակով, հետագայում կազմակերպվում է վերգետնյա հանքարդյունահանում, իսկ 1962 թվականից մինչ օրս հանքը շահագործվում է բացառապես բաց եղանակով։

աշխատանքի դադարեցում ԵՎ վերսկսում

1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած տնտեսական ճգնաժամի հետևանքով դադարեցվում է կոմբինատի գործունեությունը։ Վերագործարկվում է 1994 թվականին։

ԳՈՐԾԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ

2004 թվականի դեկտեմբերին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցվել է։ Բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերախումբը։

Նոր բաժնետերեր

2021 թվականին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել կառավարող բաժնետեր «Արդյունաբերական ընկերությունը»։ Ընկերության բաժնետոմսերի մի մասը պատկանում է Հայաստանի կառավարությանը։

Մանրամասները՝ հղումով
1880
1924
1936
1940
1962
1994
2004
2021

Մենք աշխատում ենք բոլորիս ապագայի համար՝ զարգացնելով պատասխանատու արդյունահանում

Ավելին

Մենք արդյունահանում ենք մոլիբդենի և պղնձի խտանյութեր, որոնցից ստացված մետաղներն անհրաժեշտ են ամենօրյա սպառման հազարավոր ապրանքատեսակներ արտադրելու համար։ Դրանք անփոխարինելի են ժամանակակից հասարակության համար և նպաստում են կյանքի որակի բարելավմանը։

Մեր արտադրած հիմնական ռեսուրսները կարևոր են տնտեսական շարունակական աճ գրանցելու և ածխածնային հետքի կրճատման տեսանկյունից։ Մենք պարտավորվել ենք ապահովել այդ ռեսուրսների անվտանգ, պատասխանատու և արդյունավետ մատակարարումը:

22մլն տ
Հանքաքարի
տարեկան արտադրություն

Արտադրական օղակներ

Լեռնային արտադրամաս. իրականացվում է պղնձի և մոլիբդենի հանքաքարի արդյունահանում և տեղափոխում

Հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամաս. մանրացվում է հանքաքարը

Հարստացուցիչ ֆաբրիկա. վերամշակվում է հանքաքարը, ենթարկվում ֆլոտացիայի (պղնձի և մոլիբդենի խտանյութերի ջրազրկում և չորացում, վերջնական արտադրանքի ստացում)

Պոչամբար. հիդրոտեխնիկական բարդ կառույց՝ նախատեսված հանքարդյունաբերական և հանքաքարի վերամշակման մնացորդների պահեստավորման համար