Նախորդ տարվանից մեկնարկել են հնագիտական-հետախուզական աշխատանքներ Սյունիքի հարավում։ Գրեթե երկու տարի ընթացող պեղումների արդյունքում պարզվել է, որ Քաջարան-Կապան ճանապարհին կից բլրակում, նախկին Ջրախոր գյուղի տարածքում հնագետների հայտնաբերածը 9-10-րդ դարեր համալիր կառույց է՝ Կապանի թագավորության արքունական պալատը՝ իր բազիլիկ եռանավ եկեղեցով։
Ինչպես մասնագետներն են վստահեցնում, այս հայտնաբերումը Կապանք քաղաքի պատմությանը մի քանի հարյուրամյակների տարեգրություն է ավելացնում։ Պեղվող արքայանիստ միջնաբերդը՝ հայտնաբերված բազմաշերտ հուշարձանով, հնագիտական արժեք ներկայացնող մի շարք գտածոներով անկրկնելի օրինակ է Սյունիքում՝ թանգարանացման և մարզում տուրիստական նոր վայր ստեղծելու տեսանկյուններից։
Ծրագրի նախագծային աշխատանքները մոտենում են ավարտին, սակայն հնագիտական պեղումները շարունակելու, գիտական ուսումնասիրություններ կատարելու մեծածավալ աշխատանքները դեռ առջևում են։
Հնագիտական աշխատանքներն իրականացնում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը։
Ծրագրի իրականացմանը ֆինանսապես աջակցում է «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը.
«Հավատարիմ մնալով ԶՊՄԿ որդեգրած քաղաքականությանը՝ մենք մեծ ուրախությամբ և պատրաստակամությամբ մասնակցում ենք այս ծրագրի իրականացմանը՝ պատմականորեն նշանակալի կառույցի հայտնաբերմանը։ Մենք լիահույս ենք, որ այս ծրագիրը ավելի մեծ բացահայտումների սկիզբ է»,- նշում է Ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
https://www.facebook.com/zcmcofficial/videos/1431208844818488