Կանադա-եվրասիական առևտրատնտեսական պալատը (CECTE) և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է Կանադա-եվրասիական առևտրատնտեսական պալատի անդամ։
ԶՊՄԿ-ի անդամակցությունը CECTE-ին կարևոր քայլ է միջազգային գործարար համագործակցություններն ավելի ամրապնդելու և կանադա-եվրասիական բիզնես շրջանակներում գործունեությունը առավել ընդլայնելու համար։
ՀՀՄԱ-ի նախագահ, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը այս առթիվ նշել է.
«Կանադան համաշխարհային հանքարդյունաբերության առաջատարներից է և ոլորտի արդիականացման ու լավագույն փորձի կիրառման առաջնագծում է։ Հետևաբար այս համագործակցությունը էական նշանակություն կունենա Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերական ոլորտի առաջխաղացման համար, հատկապես՝ հանքային հարստությունը ժողովրդի շահերին ծառայող, կայուն և արդյունավետ կառավարվող բիզնես ակտիվների վերածելու հարցում»։
Համագործակցությունը նպաստում է համաշխարհային հանքարդյունաբերական և բիզնես ցանցերում Հայաստանի տեսանելիության բարձրացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը, նոր շուկաների բացահայտմանն ու գործարար միջավայրի զարգացմանը։ ԶՊՄԿ-ն հնարավորություն է ձեռքբերում ակտիվորեն մասնակցելու CECTE-ի նախաձեռնություններին, բիզնես ֆորումներին՝ նպաստելով պատասխանատու ռեսուրսների զարգացմանը, նորարարության և ներդրումային հնարավորությունների ընլայնմանը:
«CECTE-ի և Հայկական հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի գործընկերության մեկնարկով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անդամակցությամբ, բացվում է հայ–կանադական բիզնես համագործակցության նոր էջ։ Հանքարդյունաբերությունն ու մետալուրգիան CECTE-ի առանցքային ոլորտներից են, և հաշվի առնելով Կանադայի լայն փորձն ու Հայաստանի զգալի ներուժը՝ միասին կարող ենք հասնել նոր և նշանակալի արդյունքների։ Մենք շարունակում ենք հանձնառու մնալ ապագա համագործակցության հնարավորությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- նշել է CECTE-ի նախագահ Վարդգես Ավագյանը։