Հեղինակավոր «Los Angeles Times» պարբերականը անդրադարձել է Հայաստանին՝ ներկայացնելով երկրի տնտեսության առանցքային ոլորտները։ Այս համատեքստում պարբերականը հրապարակել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին առանձին անդրադարձ՝ հաշվի առնելով այն կարևոր իրողությունը, որ ձեռնարկությունն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի տնտեսական և արդյունաբերական լանդշաֆտում։
Պարբերականին տված հարցազրույցում «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ընդգծել է, որ վերջին տարիներին Ընկերությունն անընդմեջ պահպանել է խոշոր հարկատուի դիրքերը՝ հիմնականում գլխավորելով ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Շեշտվել է, որ ԶՊՄԿ-ի ազդեցությունը Հայաստանի ՀՆԱ-ի վրա կազմում է մոտ 3%, իսկ երկրում հանքարդյունաբերության ծավալը՝ 5%, այն դեպքում, երբ ոլորտը զբաղեցնում է ՀՀ տարածքի ընդամենը 0,5%-ը։
Պարբերականը ուշադրություն է դարձրել նաև համայնքային զարգացմանը, քանի որ ԶՊՄԿ-ի գործունեության արդյունքում Սյունիքի մարզում աղքատության մակարդակն ավելի քան երեք անգամ ցածր է հանրապետական միջին ցուցանիշից։
«Աշխատելով համաշխարհային առաջատար ինժեներական ընկերությունների հետ, ինչպիսիք են «Metso»-ն և «FLSmidth»-ը՝ մենք ինտեգրում ենք նորագույն տեխնոլոգիաներ։ Այս գործընթացը ներառում է արդիականացում, պոչանքների խտացման, ջրի շրջանառու համակարգի նախագծում և կառուցում․ նախագիծ, որը խնայում է ջուրը և բարձրացնում այդ կարևորագույն ռեսուրսի օգտագործման արդյունավետությունը։ Մենք նաև ներդրումներ ենք անում նոր տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ. «Komatsu» և «Caterpillar» մակնիշների տեխնիկան ապահովում է բացահանքի և բոլոր գործառնությունների լիարժեք արդիականացումը»,- ասել է Ռ.Խուդոլին։
Ընկերության գլխավոր տնօրենը հարցազրույցն ավարտել է հաջողության իր տեսլականով․ «Հանքարդյունաբերության ոլորտում հաջողելու համար կան մի քանի կարևոր հանգամանքներ՝ պետք է ներդնել հսկայական ջանք, լինել համբերատար և ունենալ սահմանված կանոններով առաջնորդվելու կարողություն։ Կհաջողեն նրանք, ովքեր պատրաստ են աշխատել։ Հակառակ դեպքում նույնիսկ ամենափոքր խնդիրները կարող են ամեն ինչ խափանել»։
Հոդվածը հասանելի է այստեղ. https://https://shorturl.at/9zXIo