Բիզնեսի աճի գլխավոր նախապայմանը տնտեսության ֆորմալացումն է: Թեման քննարվկել է ապրիլի 17-ին կայացած համաժողովի ընթացքում, որը նախաձեռնել էր Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ։
Միջոցառման առանցքային թեման պետության հետ համատեղ բիզնեսի զարգացման նոր ճանապարհային քարտեզ ձևավորելն էր, որում առաջնային է լինելու թափանցիկ աշխատելու կարևորությունը:
Համաժողովին մասնակցում էին պետական շահագրգիռ գերատեսչությունների, գործարար համայնքի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը նախաձեռնել է այս համաժողովը, քանի որ ոլորտում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնդիրը լուծելու համար մի քանի թիրախային միջամտություններ են անհրաժեշտ:
«Շատ կարևոր է պարզել՝ տնտեսության ֆորմալացումը ցանկության, թե՞ կարողության հետևանք է, այսինքն՝ բիզնեսը չի՞ ցանկանում աշխատել, թե՞ չի կարողանում աշխատել»,- նշել է ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը:
Համաժողովին ներկա է եղել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։
«Քանի որ մեր ոլորտը ստվերից ազատվելու խնդիր չունի և թափանցիկ աշխատելու տեսանկյունից համարվում է երկրում առաջամարտիկ, մենք այսօր մասնակցում ենք այս համաժողովին տնտեսության մեջ առկա խնդիրներին անդրադառնալու համար. չէ որ մենք գործունեություն ենք ծավալում Հայաստանում, և մեր ոլորտը համարվում է տնտեսության շարժիչ ուժը:
Թափանցիկ աշխատելը չափազանց կարևոր է, և մենք հպարտորեն արձանագրում ենք, որ ԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է՝ ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն է: Եվ ես հույս ունեմ, որ մեր երկրում աշխատող ընկերությունները, հատկապես խոշորները, կհետևեն մեր օրինակին և կսկսեն հրապարակել նմանատիպ թափանցիկ հաշվետվություններ»,- ընդգծել է Վ.Ջհանյանը։