English|Armenian

Հանքարդյունահանում

ԶՊՄԿ-ը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային պաշարները բաց եղանակով` օգտագործելով մեծաքանակ տեխնիկա: Ընթացիկ արդյունահանումը տարեկան կազմում է 12,8 մլն. տոննա հանքաքար (գրեթե նույնքան են կազմում մակաբացման ծավալները):


Ըստ 2006թ.-ին իրականացված վերջին ուսումնասիրությունների` Քաջարանի հանքավայրի B+C1 պաշարները կազմում են`

 

Հանքաքար
2,21 մլրդ տոննա
Պղնձի պարունակություն
5,22 մլն. տոննա
Մոլիբդենի պարունակություն
0,72 մլն տոննա


Պաշարների գտնվելը տվյալ լեռնային տեղանքում տալիս է հանքին բնական առավելություններ, ինչպիսին է միասեռ շերտավորումը, որտեղ սովորաբար տեսքից տարբերվում են հանքաքարը և դատարկ ապարները: Առավելությունների թվում են նաև լավ կառավարումը և ձեռնարկության աշխատակիցների բարձր մասնագիտական գիտելիքները, ձևավորված կորպորատիվ մշակույթը, պահուստների առկայությունը, հորատող մեքենաների և էքսկավատորների ռեզերվային հնարավորությունները, ինչը մեզ թույլ է տալիս թողարկել բարձրորակ արտադրանք և պլանավորել արտադրության հետագա ընդլայնումը:


Հանքում հանքաքարի և դատարկ ապարների արդյունահանման համար օգտագործվում է հորատապայթեցման մեթոդը, որից հետո հանքաքարը հանքուղով երկաթգծի օգնությամբ կամ անմիջապես ավտոինքնաթափերով տեղափոխվում է խոշոր ջարդման արտադրամաս: Դատարկ ապարները բեռնատարներով տեղափոխվում են դատարկ ապարների թափուկավայր:


ԶՊՄԿ-ի բեռնատարների ավտոպարկում կան 37-134 տոննա բեռնատարողությամբ բազմաթիվ “Բելազ” և “Կատերպիլլար” բեռնատարներ, կիրառվում են նույն ընկերությունների մի քանի անվավոր ապարաբարձիչներ: Էքսկավատորների շերեփների բեռնատարողությունն 5-8 մ3 է: Բացի այդ, օգտագործվում է մեծաքանակ օժանդակ տեխնիկա, մասնավորապես` բուլդոզերներ հանքաստիճանների հարթեցման և դատարկ ապարների հավաքատեղում աշխատանքների համար, բազմաֆունկցիոնալ տրակտորներ, ջրցան մեքենաներ, ավտոկռունկներ, շարժական վերանորոգման արհետսանոցներ և այլն:

 

Հանքարդյունահանման մեր գործունեությունը կազմակերպված է միջազգային բոլոր չափանիշներով, ինչը ցույց է տալիս մեր մասնագիտական բարձր մակարդակը: Հանքաքարի և դատարկ ապարների հստակ սահմանազատումը թույլ է տալիս նվազեցնել կորուստներն ու աղքատացումը:


Ստորգետնյա ջրերի մակարդակը հանքավայրում ցածր է, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է հեռացնել միայն տեղումներից առաջացած և շրջակա գետերի ու վտակների ջրերը: Այդ պատճառով քիչ է չորացնող սարքավորումների անհրաժեշտությունը: Ներկայումս հանքավայրը հաջողությամբ ջրազրկվում է գործող դրենաժային համակարգի օգնությամբ, որը կազմված է լանջային առուներից, ստորգետնյա ջրուղիներից և խողովակաշարերից: