ՑԱՆԿ
որոնում
%

Հանքագործի և մետաղագործի օրը՝ ավանդական շքեղ տոն ԶՊՄԿ-ում

Կիսվել

Կիսվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այս տարի ևս մեծ շուքով նշեց Հանքագործի և մետաղագործի օրը՝ տոնական միջոցառումների մեկնարկը տալով դեռ հունիսի վերջին՝ «Առողջության օր-2025» մարզական եռօրյա միջոցառմամբ, որի ընթացքում կոմբինատի բոլոր արտադրամասերի թիմերն իրենց ուժերը փորձեցին շուրջ տասը մարզաձևերում ու խաղերում։

Հանքագործի և մետաղագործի օրվան նվիրված միջոցառումների շարքում անմոռանալի տպավորություններ պարգևեց հանրահայտ «Խաչատրյան տրիո»-ն՝ համերգային անզուգական ծրագրով ներկայանալով Քաջարանում։

Տոնակատարությունները շարունակվեցին Քաջարանի հիմնանորոգված մարզադաշտի բացման արարողությամբ, որին առանձնահատուկ հմայք հաղորդեցին Երվանդ Երզնկյանի ղեկավարած նվագախմբի ելույթները։ Տասնամյակներով հաստատված ավանդույթի համաձայն՝ պարգևատրվեցին ԶՊՄԿ մի խումբ աշխատակիցներ: Օրն ավարտվեց տոնական համերգով։

Տոնակատարությանը շնորհավորական ուղերձով հանդես եկավ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին.

«Սիրելի՛ գործընկերներ, հուլիսը մեզ համար ավանդաբար դարձել է տոնական ամիս։ Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակին մի շարք երկրներում նշվում է որպես Հանքագործի և մետաղագործի օր։

Այսօր մեր կոմբինատում աշխատում է ավելի քան 4700 մարդ։ 22%-ը կանայք են՝ գրեթե 50%-ով ավելի՝ համաշխարհային միջին ցուցանիշի համեմատությամբ։ Մեր կոլեկտիվի միջին տարիքը 40 է, շուրջ 90%-ը Քաջարանից և Կապանից է, իսկ միջին աշխատանքային ստաժը 12,5 տարի է։

Մեր կոլեկտիվը հզոր թիմ է՝ կազմված իր գործին նվիրված հազարավոր մասնագետներից։ Ձեր աշխատանքի շնորհիվ մենք հպարտությամբ ենք նշում մեր ձեռքբերումները՝ թե՛ տարածաշրջանում և համայնքներում, թե՛ ամբողջ Հանրապետության մասշտաբով։ ԶՊՄԿ-ն տնտեսական և սոցիալական կյանքի կարևորագույն օղակ է ոչ միայն մարզում, այլև ողջ երկրում։ Արդեն 4 տարի մենք Հայաստանի խոշորագույն հարկատուն ենք։ Սյունիքի մարզն այսօր Հայաստանի տնտեսական առաջատարն է։ Այստեղ են գրանցվում երկրի ամենաբարձր ՀՆԱ-ն, ամենացածր աղքատության ցուցանիշը և ամենաբարձր միջին աշխատավարձը մյուս մարզերի համադրությամբ։ Սա պարզապես վիճակագրություն չէ. սա մեր բոլորի համառ աշխատանքի արդյունքն է։

Այսօր հատուկ շնորհակալություն եմ հայտնում ոլորտի վետերաններին՝ նրանց, ովքեր իրենց կյանքի մեծ մասը նվիրել են մեր կոմբինատին, ովքեր փոխանցել են իրենց փորձը և գիտելիքները նոր սերնդին։ Ձեր նվիրվածությունը օրինակ է բոլորիս համար։

Չափազանց կարևոր է շարունակել ձեռնարկության արդիականացումը բոլոր ուղղություններով։ Ներկայում կոմբինատի զարգացման ռազմավարության ուղղությամբ տարվում է մեծ աշխատանք, որը նպատակ ունի բարձրացնել արտադրողականությունը, ներդնել նոր տեխնոլոգիական լուծումներ, ավտոմատացնել արտադրական և ստանդարտ գործընթացները, անցում կատարել թվային հարթակների և ներդնել կայուն զարգացման միջազգային լավագույն չափանիշները։ Այս ամենը մեր մեծ թիմի յուրաքանչյուր անդամի աշխատանքի արդյունքն է։ Առանց ձեզ այս ամենը հնարավոր չէր լինի։
Շնորհավո՛ր ձեր տոնը, շնորհավո՛ր Հանքագործի և մետաղագործի օրը»։

Տոնակատարության մասին առավել մանրամասն՝ տեսանյութում. https://www.facebook.com/SyunikTV/videos/1467233877620411