ԵՐԵՎԱՆ, 17-Ը ՀՈՒԼԻՍԻ – ysu.am։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ համագործակցության շրջանակում Կապանում անցկացվեց «Պատանի երկրաբան» ամառային ճամբարը, որին մասնակցեցին հանրակրթական դպրոցների աշակերտները և ֆակուլտետի ուսանողները։
«Պատանի երկրաբան»-ի երկրորդ օրը մեկնարկեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանի դասախոսությամբ, որի շրջանակում նա անդրադարձավ հանքի պաշարներին, դրանց օգտագործմանը և ընկերության ապագային առնչվող թեմաների։
Այնուհետև դպրոցի մասնակիցներն այցելեցին բաց հանքի տարածք, ծանոթացան երկրաբանական գործիքներին, քարի ուսումնասիրման և հանքայնացման յուրահատկություններին։ Նրանք շրջեցին արտադրական կառուցամասերում, ինչպես նաև հարստացուցիչ ֆաբրիկայում։
Նշենք նաև, որ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ տարին է, ինչ իրենց ուսումնական պրակտիկան անցկացնում են Սյունիքում՝ ԶՊՄԿ-ում՝ համաձայն կառույցների միջև կնքված համագործակցության հուշագրի։
Մանրամասն՝ հղմամբ. https://www.ysu.am/news/84560